Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշվում է, որ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:
Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Նախագահը շեշտել է, որ Արցախի իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: