Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք այս մարտահրավերի, լարվածության թուլացման, դեէսկալացիայի, ինչպես նաև երկու երկրներին կայուն, համապարփակ կարգավորման ուղու վրա կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:
«Մենք Վաշինգտոնում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում կազմակերպեցինք: Նույնը նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում կազմակերպեցինք: Մեր ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության գործընթացի մեջ է ակտիվորեն ներգրավված՝ փորձելով ցույց տալ, որ լարվածությունը նվազեցնելու համար անում ենք հնարավորը»,-ասել է Նեդ Փրայսը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: