Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Նշելով, որ իրավիճակը բավականին բարդ է և, ըստ էության, Արցախը հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ, պետնախարարը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, ներուժը՝ այն վերահսկելու համար: Ընդգծելով պետական մարմինների առավելագույնս կազմակերպված, համակարգված ու կարգապահ աշխատանքը՝ նա կարևորել է օպերատիվ հաղորդակցության, գերատեսչությունների և վարչական շրջանների միջև արդյունավետ կապի, ինչպես նաև հասարակության պատշաճ իրազեկման ապահովումը:
Գերատեսչությունների ղեկավարները պետնախարարին զեկուցել են յուրաքանչյուրն իրենց ոլորտում իրավիճակը՝ տեղեկացնելով առկա պաշարների և ռեսուրսների մասին: Պետնախարարը հանձնարարել է կատարել գույքագրում և տեղեկատվություն տրամադրել հրատապ խնդիրների մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: