Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնարին, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին տեղեկանում ենք «Արցախպրես»-ից:
«Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում: Շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում»,- հայտնել է ԲԿ տնօրենը՝ հրապարակելով բուժառուների անունները:
1. Շեյկյան Անդրանիկ Արամայիսի, 1972 թ., Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, դեկտեմբերի 11-ից միացված է թոքերի արհեստական շնչառության սարքին, ունի սուր շնչառական անբավարարություն, բրոնխիալ ասթմայի սրացում, մուլտիֆոկալ թոքաբորբ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան: Նա Արցախյան երկու պատերազմների մասնակից է:
2. Մայիլյան Նորայր Վաչագանի, 1980թ., Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից: Վիճակը՝ ծանր: Կատարվել է սիրտ-թոքային վերակենդանացում, ունի օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիա, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ բուժումը շարունակելու համար:
3. Ավշարյան Սոկրատ Էդուարդի, 1960 թ., Ստեփանակերտից: Վիճակը՝ կայուն ծանր: Դեկտեմբերի 12-ին կատարվել է կորոնար անգիոգրաֆիա, ցուցված է անհապաղ տեղափոխում Երևան՝ կատարելու սրտի բաց վիրահատություն՝ աորտո-կորոնար շունտավորում: Ունի սրտի իշեմիկ հիվանդություն, լարման կայուն ստենոկարդիա, զարկերակային հիպերտենզիա երկրորդ աստիճանի, շաքարային դիաբետ: Նա Արցախյան երկու պատերազմների մասնակից է, երեք որդու հայր:
4. Դավթյան Մարինա Պավելի, 1966, Ստեփանակերտ: Տեղափոխվել է հիվանդանոց մեկ շաբաթ առաջ՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով՝ ինսուլտ, ախտորոշվել է սֆենոիդիտ , կավերնոմայի (գլխուղեղում հեմատոզ գոյացությունների) բարձր հավանականություն: Հետզհետե ծանրացող վիճակ: Ցուցված է անհապաղ հետազոտություն Երևանում՝ համապատասխան բուժում ստանալու համար: 5 Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում»։
5. Աբրահամյան Կրիստինա Կամոյի, 1983, Ստեփանակերտից: Գրեթե երկու շաբաթ տառապում է անհայտ էթիոլոգիայի հիպերթերմիայով (մարմնի բարձր ջերմություն ): Անհրաժեշտ է անհապաղ հետազոտություն Երևանում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով
փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: