Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ կնախաձեռնի միջազգային գործընկերների հետ խորհրդակցական գործընթաց՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմներ ստեղծելու կամ վերագործարկելու համար։ Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը և որ Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներեև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Լաչինի միջանցքը փակելու պրոպագանդիստական նախապատրաստությունները մեկնարկել էին դեռ ամիսներ առաջ և ակնհայտ է, որ տվյալ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների կողմից, նպատակ հետապնդելով Լեռնային Ղարաբաղը կտրել Հայաստանի Հանրապետության և այսպիսով՝ արտաքին աշխարհի հետ կապից:
Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բաքվի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ցեղասպանության քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
«Այս գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վերահաս վտանգի առաջ: Ստեղծված իրավիճակը ուղիղ հակադրության մեջ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի հետ, համաձայն որի՝
ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո,
բ) Ադրբեջանական Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:
Ընդգծում ենք, որ միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո տեղաշարժի անխափան իրականացումը առանցքային են ԼՂ հիմնախնդրի քաղաքական հանգուցալուծման, տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման, ժողովուրդների խաղաղ համակեցության համար»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում:
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանական ԶՈւ կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգն ավելի առարկայական են դարձնում։
«Լաչինի միջանցքի արգելափակումը գործնական արտահայտումն է բազմաթիվ ահազանգերի, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանության քաղաքականություն է որդեգրել: Ողջ միջազգային հանրության, այդ թվում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: