Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի Ֆեյսբուքի էջից:
Նշվում է, որ ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: