Արցախի և Ադրբեջանի միջև կան շփումներ, մեր ներկայացուցիչները զբաղվում են հարցի հանգուցալուծմամբ: Այս մասին այսօր տեղի ունեցած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմամբ Ադրբեջանն ուզում է կաթվածահար անել Արցախը:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում քայլեր ձեռնարկել, որպեզի զսպեն Արդբեջանի ցեղասպան, հայատյաց քաղաքականությունը: Եվրոպայի մի շարք կառույցների նամակներ են ուղարկվել: Հույս ունենք, որ կլինեն հասցեական գնահատականներ, պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,-շեշտեց Բաբայանը:
Նրա խոսքով՝ Արցախի տոտալ շրջափակումը, փաստորեն, սկսվել է:
«Կլինի՞ սա նախաբան ավելի լայնածավալ գործողությունների համար, ինչ-որ կերպ կախված է միջազգային հանրության համապատասխան արձագանքից: Եթե չլինի արձագանք, կարեկցանք Արցախի ժողովրդի նկատմամբ, սա կարող է նորանոր զարգացումների բերել: Եթե ոչ հիմա, ապա ավելի ուշ՝ հաջորդ անգամ: Հայտնի խոսք կա՝ անպատժելիությունը խթանում է ագրեսիան»,-ասաց նա:
Հարցին՝ այս պահին Արցախի և Ադրևբեջանի իշխանությունների միջև միջանցքը բացելու ուղղությամբ բանակցություններ կա՞ն՝ նա նշեց. «Արցախյան կողմը ռուս խաղաղապահների միջոցով շփումների մեջ է ադրբեջանական կողմի հետ, այլ տարբերակ չկա: ԱՀ համապատասխան կառույցներն ու ներկայացուցիչները զբաղվում են հարցի հանգուցալուծմամբ: Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ»:
Նրա խոսքով՝ առանց ռուս խաղաղապահների Արցախի անվտանգություն չկա. «Եթե մի կողմի պետական քաղաքականության հիմքում ահաբեկչությունն և ատելությունն է, նույն խաղաղապահները հայտնվում են ծանր վիճակում: Պատկերացրեք, զարդարված կանայք են ներխուժում, ի՞նչ կանեք ռուս խաղաղապահների փոխարեն: Դրա համար ասում ենք, որ նրանց քանակը պետք է շատանա, մանդատը երկարաձգվի, միջազգային հանության կողմից համապատասխան լիազորություններ տրվեն»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: