Մեծ Շեն գյուղում դեղորայքի ու ծխախոտի խնդիր կա, իսկ պարենը դեռ կբավականացնի: Այս մասին Armenia Today-ին հայտնեց Մեծ Շեն գյուղի համայնքապետ Դավիթ Դավթյանը:
Նրա խոսքով՝ գյուղացիները դեռ որոշ քանակի մթերք ունեն տներում, որոշ բաներ իրենց ստեղծածից է, բացի այդ՝ իմանալով իրավիճակը՝ պաշարներ հավաքում են:
«Գյուղում ծեր, սրտային, շաքարային հիվանդույթուններ ունեցող մարդիկ կան, որոնք երկու-երեք օրից կանգնելու են դեղորայքի խնդրի առջև»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները, թեև իրենց հետ կապի մեջ են ու խոստացել են օգնել, սակայն նրանց կողմից ոչ մի բան չի լինի. եթե օգնություն լինի, ապա Հայաստանի իշխանություններիի կողմից կլինի: Դավթյանի խոսքով՝ մի կողմից Թուրքերն են, մյուս կողմից՝ ռուսները: Վերջիններիս հետ հնարավոր է ինչ-որ կերպ խոսել, պակասող անհրաժեշտ բաները բերել-լրացնել, սակայն կասկածում է, թե թուրքերը թույլ կտան, որ Ստեփանակերետից ինչ-որ բան թույլ տան բերել:
Մեր հարցին, թե ինչ են խոսում օդային ճանապարհով անհրաժեշտ օգնությունը գյուղեր հասցնելու մասին, Դավթյանն ասաց. «Եթե թուրքը չուզի, խփելու է. վտանգավոր է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Ստեղծված ճգնաժամի հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ։
Արցախի օպերատիվ շտաբից հայտնում են, որ Շուշիի շրջանի վարչակազմը պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով: