Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ:
Իրավիճակի մասին հանրությանը պարբերաբար տրամադրվելու է տեղեկատվություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: