Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրություն է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և դրա հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար աղետի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Նամակում նշվում է, որ Ադրբեջանը ոտնահարել է Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 անձանց հիմնարար իրավունքները, որոնց թվում են երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանը չի հարգում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, որը երաշխավորում է բոլորի, այդ թվում՝ հակամարտության գոտում բնակվող անձանց ապրելու, ազատ տեղաշարժվելու և անվտանգության իրավունքի պաշտպանությունը։
Այդ համատեքստում կոչ է արվում․
– կիրառել Եվրոպայի խորհրդի ամբողջ գործիքակազմը` վերացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության անօրինական և անմարդկային շրջափակումը,
– Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելություն ուղարկել տվյալ տարածք՝ կանխելու Կոնվենցիայի հետագա խախտումները,
– կասեցնել կազմակերպությունում Ադրբեջանի ներկայացուցչության իրավունքները՝ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 3-րդ հոդվածի խախտման պատճառով:
Գրության պատճեններն ի գիտություն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: