Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԵՄ-ն լուրջ մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող տարբեր իրադարձություններին դեռևս դեկտեմբերի սկզբից։
«ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի տառապանքներ են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար խնդիրներ», – ասվում է հայտարարության մեջ։
Ստանոն հայտարարել է, որ «այլ խնդիրներ կարող են և պետք է լուծվեն երկխոսության և շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով»: ԵՄ-ն զսպվածության կոչ է արել և հայտարարել, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ նշված ջանքերում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։