Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ստեղծված իրավիճակի վերաբերյալ երեկ դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Նա ասաց, որ աշխատանքները սկսվել են անմիջապես ստեծված իրավիճակի սկզբից: Հարցին, թե Արցախում գտնվող ծանր հիվանդներին Հայաստան տեղափոխելու մասի՞ն է եղել դիմումը, Խաչատրյանը պատասխանեց, որ դիմել են առհասարակ վերահաս աղետին արձագանքելու, գնահատական տալու համար:
«Սա առողջապահական լուրջ խնդիր է, չորս գյուղերում դեղորայքի, բուժօգնության հասանելիության խնդիր կա: Այս առումով, որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, նրանց գնահաականը շատ կարևոր է»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ իրավիճակը կարող է հանգեցնել առողջապահական աղետի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: