Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։ Այս մասին նա հայտարարել է Ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Բեգլարյանը ներկայացրել է պահանջները
ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով։
Առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Չինաստան) և Եվրոպական Միությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի գործողությունները և գործնական միջոցներ ձեռնարկեն Ադրբեջանին սանձելու ուղղությամբ:
Բեգլարյանը Հայաստանի հասարակությանը կոչ է անում
Դուրս գալ անտարբերության ու անօգնականության թմբիրից, յուրաքանչյուրն իր չափով ու ձևով նպաստի Արցախի պաշտպանության ու հայկական ապագայի երաշխավորման սուրբ գործին։
Տարբեր հանրային գործողություններով ճնշման տակ պահել հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների դեսպանատները՝ պահանջելով հստակ գործողություններ՝ և՛ առանձին, և՛ ՄԱԿ-ի ձևաչափով։
Բոլոր հնարավոր տեղերում խոսել ու գրել Արցախի կարևորության ու ներկա կարիքի մասին՝ և՛ հայերենով, և՛ օտար լեզուներով։
Միանալ նստացույցին կամ բողոքի այլ գործողությունների, քանի որ Արցախի մեր հայրենակիցները շատ ավելի մեծ զրկանքներ են կրում հիմա։
Սփյուռքի հայրենակիցներին կոչ է անում
Իրենց երկրներում կազմակերպել հանրային անհնազանդության գործողություններ՝ պահանջելով իրենց կառավարություններից գործնական քայլեր Արցախի պաշտպանության և Ադրբեջանին սանձելու համար։
Իրազեկման արշավներ մեկնարկել՝ ուղղված օտար հասարակություններին ու լրատվամիջոցներին Արցախի հայության կարիքները ու ադրբեջանական հանցագործությունները ներկայացնելուն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացրել էր, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի Հանրապետության գազամատակարարումը: