Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից:
Համաձայն հրամանագրի, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի Հանրապետության բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, որոշվել է.
-Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:
-Ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:
-Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:
-Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
-Սույն հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով ստեղծել օպերատիվ շտաբ:
-Օպերատիվ շտաբի ղեկավարման համար Օպերատիվ շտաբի պետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
-Սահմանել, որ Շտաբի պետի` սույն հրամանագրից բխող ցուցումները պարտադիր են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:
-Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարել սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետում սահմանել սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ:
Արցախում Ռազմական դրությունը գործում է 1992 թվականից. նախապես` մինչև 2005 թվականը, այն գործել է երկարաձգումներով, ապա՝ անժամկետ: Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՌԴ և համընդհանուր զորահավաք է հայտարարվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: