«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն ադրբեջանական կողմի վերջին սադրանքների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որով իր աջակցությունն է հայտնել արցախցիներին։
«Լուրջ մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի հերթական սադրանքի շուրջ զարգացումներին։ Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, շրջափակման մեջ են, մյուսները չեն կարողանում տուն վերադառնալ։ Բուժհաստատությունները զրկված են դեղորայք ստանալու հնարավորությունից, դադարեցված են վառելիքի ու սննդի մատակարարումները։ Մոտ 120 հազար մարդ մեկուսացված է, Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին»,- նշվում է հայտարարության մեջ։
Ըստ Կարապետյանի՝ Արցախի խաղաղ բնակչությունը փաստացի կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, Ադրբեջանն էլ շարունակում է գործել իրեն հատուկ ահաբեկչության և շանտաժի մեթոդներով՝ կոպտորեն անտեսելով տեղակայված խաղաղապահ ուժերի լիազորությունները։
«Այս գործողություններին պետք է համապատասխան գնահատականներ տրվեն։ Հայերն անբաժան են, որտեղ էլ որ լինենք, մենք մեկ ժողովուրդ ենք և միասին կիսում ենք բոլոր ուրախությունները և անցնում փորձությունների միջով։ Ուստի ուզում եմ իմ աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդին և Արցախի Հանրապետության իշխանություններին։ Թեև Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, իսկ վերջին պատերազմն անհավատալի փորձություն էր արցախցիների համար, հայերը հպարտ են և ուժեղ: Մեր ոգին չի կոտրվել բազմաթիվ հակամարտություններից հետո, չի կոտրվի և այսօր»,- նշվում է հայտարարության մեջ։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի խոսքով՝ այսօրվա բոլոր ջանքերն ուղղված են հումանիտար ճգնաժամի հաղթահարմանն ու մարդկանց օժանդակությանը։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ նախկինի պես, անվտանգության և խաղաղ կյանքի իրավունքի համար պայքարող հայ ժողովրդի կողքին եմ լինելու և շարունակելու եմ անել դրա համար ինձնից կախված ամեն ինչ»,- հայտարարել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։