Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին:
«Միաժամանակ, Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:
Միջազգային դատարանների հետ ընթացիկ իրավական գործընթացների և հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։