Այս պահին որևէ դրական առաջընթաց չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ռուս խաղապահների միջոցով ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցությունների ընթացքին:
Արտակ Բեգլարյանը, որը երեկվանից նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ, հայտնեց, որ իրեն տասնյակ մարդիկ են միացել:
Նա հայտնեց, որ գիշերը ՄԱԿ-ի գրասենյակից միայն հայ աշխատակիցներ են մոտեցել իրեն՝ ճշտելով, թե ինչի կարիք կա՝ ջուր թեյ և այլն, բայց պաշոտանապես, նրա խոսքով, գրասենյակից որևէ արձագանք չի եղել:
«Նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ճանապարհն ամբողջությամբ բացվի: Չեմ բացառում, որ նստացույցից բացի այլ բողոքի ձևեր ևս կկիրառեմ, երբեմն՝ շատ ավելի խիստ: Երեկ որոշել ենք փակել ՄԱԿ-ի գրասենյակի բոլոր մուտքերը: Նստել ենք մուտքերի առջև՝ թույլ չտալով մեքենաների ելումուտը: Սա խորհրդանշական է մեզ համար: Քանի դեռ Արցախի մուտքը փակ է, պետք է փակ լինի նաև ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը»,- ասաց նա:
Արտակ Բեգլարյանը նշեց նաև, որ տարբեր երկրներում Սփյուռքի ներկայացուցիչներն ակցիաներ են պլանավորել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված անժամկետ նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։