ԵՄ գրասենյակի մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ավարտին ցուցարարները, որոնց թվում նաև Արցախի Հանրապետության պաշտոնյաներ էին, խորհրդանշական թղթե սպիտակ ինքնաթիռներ նետեցին ԵՄ գրասենյակի ուղղությամբ:
Պահանջն արդեն 4 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի գոնե օդային ճանապարհը բացելն է: Ակցիայի մասնակիցները նաև նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակին:
Մասնակիցները հայտարարեցին, որ երթով պատրաստվում են շարժվել նաև ՌԴ, ԱՄՆ դեսպանատներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը սպառնացել է ոչնչացնել Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։