Վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: Այս մասին հայտնեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ դա եղել է առանց նախապայմանների:
Պետնախարարի խոսքով՝ Ադրբեջանը որոշել է այսօր բացել Լաչինի միջանցքը:
«Խոստացել են նաև բացել Լաչինի միջանցքը: Դա իրենք են որոշել, որովհետև հասկացել են, որ արցախցին անկոտրում է»,- ասաց Վարդանյանը՝ նաև նշելով, որ պետք է պատրաստվել, քանի որ մշտապես սպասելի են նման սադրանքներ:
Նշենք, որ «Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:
Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: