Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:
Ւստ նախարարության, Արցախի ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:
Արցախի «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:
Արցախի առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: