Լիսագորի այս ընտանիքում արցախցիները բառի բուն և փոխաբերական իմաստով ջերմ են ընդունում թե՛ Երևանից ժամանած հյուրերին, թե՛ Ստեփանակերտ շտապող, բայց ճանապարհին մնացած քաղաքացիներին: Իսկ տաքացնելուց հետո առանց կարկանդակի դուրս չեն թողնում: Armenia Today-ի նկարահանող խումբը խոստանում է ուտել, իսկ իրենք՝ խոսել տեսախցիկի առջև:
Ստեփանակերտի բնակչուհի Արմինեն Լիսագորում ուսուցչուհի է, ամեն օր Ստեփանակերտից հասնում է գյուղ, ապա վերադառնում տուն: Դեկտեմբերի 12-ին սովորականի նման եկել է դասի ու դպրոցում իմացել, որ ճանապարհը փակ է:
«Երեխաները Ստեփանակերտում մեկը մեկն է պահում»,- ասում է Արմինեն, որն ունի 4 անչափահաս երեխա՝ 16-3 տարեկան:
Լիսագորում իջևանած Արցախի Մարտունու շրջանի քարահունջեցի Սուսաննան առողջական լուրջ խնդիրներ ունի: Քաղցկեղը թողած՝ այժմ ադրբեջանցիների դեմ է փորձում պայքարել, դեղերի երկու օրվա պաշար ունի, քիմիաթերապիայի համար էլ ստուգումներ պիտի իրականացնի, օրը մոտենում է, իսկ բժիշկը Ստեփանակերտում է: Աղջիկը վախեցած է, որ սնունդը կվերջանա, քանի որ 2 հատից ավել ոչինչ չեն վաճառում, իսկ փոքրիկը նեղացել է Լիսագորում փակված ծնողներից. չի խոսում հետները:
Լիսագորում իջևանած Սուսաննան էլ քաղցկեղը թողած՝ Ադրբեջանցիների դեմ է պայքարում: Քիմիաթերապիայի համար էլ ստուգումներ պետք է անցնի, բայց բժիշկը Ստեփանակերտում է:
Մեկ այլ քաղաքացի՝ Լարիսան, մեկնել էր Ռուսաստան, երեխաներին ու թոռներին տեսակցության, տաքսիով վերադառնալու ճանապարհին իմացել է, որ Ստեփանակերտ տանող միակ ճանապարհը փակ է: Շաքարային դիաբետ ունեցող կնոջը բժշկի վերահսկողություն է անհրաժեշտ: Բայց նրա ամանորյա երազանքը խաղաղաությունն է մբողջ աշխարհում:
«Խաղաղություն եմ ուզում ամբողջ աշխարհում, հավատո՞ւմ եք, անգամ առողջություն չեմ ուզում: Որ մեր երեխաներն ու թոռները չտեսնեն այն, ինչ տեղի է ունենում հիմա»,- ասում է Լարիսան:
Տղամարդիկ դրսում են գիշերում՝ խաղաղապահների, ոստիկանների կամ էլ իրենց մեքենաների մեջ: Տեղացիներն էլ չեն վրդովվում, հույսը արցախցու պարագայում ո՛չ սկզբում է մեռնում, ո՛չ էլ վերջում:
Գյուղի միակ խանութի տերը Ստեփանակերտում է, բայց գյուղացու տակառը լիքն է, ասում են նրանք: Լիսագորի համայնքապետարանի աշխատակից Իրինա Բաբաջանյանն ասում է, որ մեկը մյուսին օգնում է:
«Մեզ շատ են օգնել ոստիկանության աշխատակիցները, ռուս խաղաղապահները՝ ուտելիքի հարցով»,- ասում է նա՝ նշելով, որ ապրում են մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով:
Լիսագորի բնակիչները 44 օրյա պատերազմից 10 օր հետո բոլոր 25 ընտանիքներով վերադարձել են ու շարունակում են իրենց կյանքը, գյուղը լքելու թշնամու երազանքը չի՛ իրականալու:
Ավելի քան 200 ժամ է, ինչ 120 000-անոց արցախահայ բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ բոլոր կապերից: Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը: Պատգամավորները կոչ են անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:
Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ, իսկ Արցախում նախատեսված է դեկտեմբերի 17-ին անցկացնել հանրահավաք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներն արձագանքել են իրադարձություններին, Միացյալ Նահանգները կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Սենատոր Վալերի Բուայեն իր հերթին կոչ է արել միջազգային հանրությունը դատապարտել Ադրբեջանի գործողությունները, իսկ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խաղաղապահների հրամանատարությունը բանակցում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացման շուրջ։
ԵՄ-ն Բաքվին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, Պեկինը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ: ՄԻԵԴ-ը Լաչինի հարցով վերջնաժամկետ է տրամադրել Ադրբեջանին, որից հետո որոշում կկայացնի: