ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Նիստի սկզբում իրավիճակը տարածաշրջանում ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ենչան: Նա, մասնավորապես, նշել է, որ չնայած տարածաշրջանում, հայ-ադրբեջանական սահմանին և ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող շրջաններում հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական ջանքերին, լարվածությունը չի նվազում, Մասնավորապես, հաղորդվում են միջադեպերի մասին:
«Լարվածության վերջին սրման շրջանակներում դեկտեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել Լաչինի ճանապարհին ռուս խաղաղապահների դիրքերի մոտ բողոքի ցույցերի մասին։ Այս ճանապարհը կենսական զարկերակ է տարածքում ապրող մարդկանց համար։ Հաղորդվում է, որ այդ բողոքի ցույցերը, իբր, ուղղված են հանքային ռեսուրսների ապօրինի մշակման և հարակից շրջանների համար դրա բնապահպանական հետևանքների դեմ», – ասաց նա:
Ենչան ընդգծել է, որ սկզբունքորեն կարևոր է, որ բնակչությունը, հատկապես օգնության կարիք ունեցողները, ազատ տեղաշարժվելու և բազային ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանա։ ՄԱԿ-ն այս կապակցությամբ ողջունում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հանձնառությունը՝ աջակցել և ապահովել միջանցքով անվտանգ անցումը, ասել է նա։
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Էստիվալ-Բրոդհյորսթը հայտարարել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքով շարժվելու խոչընդոտներն անընդունելի են: Լաչինի միջանցքի շրջափակումն ունի ուղղակի հետևանքներ, այն է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության մեկուսացումը, ինչն ավելի ու ավելի ծանր հումանիտար իրավիճակ է առաջացնում, նշել է նա։
«Ֆրանսիան կոչ է անում առանց որևէ պայմանի վերականգնել միջանցքով երթևեկությունը և մատակարարումները Լեռնային Ղարաբաղ՝ բնակչության իրավունքների պաշտպանության համար։ Ֆրանսիան կոչ է անում իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ պարունակվող պարտավորությունները։ Ընդգծում ենք, որ քանի որ Ադրբեջանը ևս պարտավորություններ է ստանձնել, Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման անվտանգությունը երկու ուղղություններով պետք է երաշխավորվի», – ասել է դիվանագետը։
Փարիզը նաև պահանջել է անհապաղ, ազատ և անարգել մուտք գործել ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպություններ և հաստատություններ բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով:
Ֆրանսիայի ներկայացուցիչը նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունների համար և առաջընթացի հասնել երկխոսության միջոցով և առանց ուժի կիրառման բոլոր չլուծված հարցերի լուծման գործում, ներառյալ իրավունքներն ու երաշխիքները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ Վաշինգտոնը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի օգտագործման ներկայիս խոչընդոտներով և այդ իրավիճակի աճող մարդասիրական հետևանքներով:
«Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են շպրտում խաղաղ գործընթացը, դրանք խաթարում են միջազգային վստահությունն այդ գործընթացի նկատմամբ և կարող են բերել պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարություններին և միջանցքի անվտանգության համար պատասխանատու մյուս կողմերին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը, այդ թվում՝ հումանիտար և առևտրային փոխադրումների համար», – ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն «ոգևորված է Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման վերականգնմամբ» և ընդգծել է, որ այդ ծառայությունները խոչընդոտելու ցանկացած փորձ սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար: «Դա անընդունելի է», – ասաց նա:
Վուդը նշել է, որ ԱՄՆ-ն այսուհետ ևս կոչ է անելու բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող բոլոր քայլերը, ինչպես նաև կատարել միջազգային մարդասիրական իրավունքի գծով իր պարտավորությունները: Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի չլուծված հավակնությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով, նրա խոսքով՝ բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ հնարավորությունն են:
Իր հերթին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան նշել է, որ ռուսական կողմը մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակման մասին տեղեկատվությամբ, որն, ըստ նրա, պայմանավորված է տարածաշրջանի հանքահանքերի շահագործման հարցում կողմերի տարաձայնություններով:
Նա նշել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ, որը մնում է տարածաշրջանում կայունության երաշխավորը և արդյունավետորեն կատարում է իր խնդիրները։
«Կարևոր է, որ հիշյալ հայտարարությունը ստորագրելիս կողմերն իրենց վրա վերցրել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն, այդ թվում, որպեսզի խնդիրներ չառաջանան քաղաքացիական բնակչության կենսագործունեության համար։ Ակնկալում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային հաղորդակցության վերականգնում», – հայտարարել է ռուս դիվանագետը։
Նա տեղեկացրել է, որ ռուսական կողմը պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության, ԱԳՆ-ի գծով վերջին օրերի ընթացքում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի շուտափույթ կարգավորման համար, կանոնավոր շփումներ են կազմակերպվել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ:
«Այդ աշխատանքի արդյունքում հաջողվել է հասնել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման վերսկսմանը և միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը։ Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղի հանքավայր այցելելու պարամետրերը», – ասել է Եվստիգնեևան։
Նա հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն կրակի դադարեցման և ուժի չկիրառման վերաբերյալ: Ռուսական կողմը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Նիստի ընթացքում ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Նա հույս է հայտնել, որ «Ռուսաստանի բարի ծառայությունների դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքի շուրջ վեճը կկարգավորվի»:
Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել երեք եռակողմ հայտարարությունների հիման վրա և Ռուսաստանի և մյուս շահագրգիռ կողմերի բարի ծառայություններով ընդառաջ գնալ միմյանց և պատշաճ կերպով կարգավորել վեճը երկու կողմերի միջև՝ միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների նորմերի հիման վրա։ Դիվանագետն ընդգծել է, որ Պեկինն աջակցում է այդ նպատակին նպաստող ցանկացած դիվանագիտական ջանքերի և կառուցողական դեր կխաղա Այդ կապակցությամբ:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին հայտարարել է, որ Լոնդոնը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ: «Մենք ուրախ ենք, որ տարածաշրջան գազի մատակարարումները վերականգնվել են, բայց մենք նախկինի պես կոչ ենք անում միջանցքի անհապաղ վերաբացում»,-ասել է դիվանագետը՝ նշելով, որ ավելի քան մեկ շաբաթ միջանցքի փակումը կարող է ծանր հետևանքներ ունենալ հումանիտար իրավիճակի համար:
Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ, Նրա խոսքով, միայն դիվանագիտության հիման վրա, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, կարելի է կայուն խաղաղություն ապահովել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: