Միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպաններն ու խաղաղության ակտիվիստները չափազանց մտահոգված են աշխարհի անտարբերությամբ և անհապաղ գործողությունների կոչ են անում. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անդամները և համաշխարհային մարդասիրական համայնքի առաջնորդներն Արցախում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ այն սպառնում է տարածաշրջանում լայնածավալ հումանիտար ճգնաժամի վերածվել: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից:
«Այժմ Արցախում ծավալվող իրադարձությունները մեզ հիշեցնում են Սրեբրենիցայի ողբերգությունը, որը տեղի ունեցավ 1995 թվականին: Հազարավոր մարդիկ զոհվեցին, երբ նմանատիպ սադրանքներին ժամանակին չարձագանքելը և միջազգային խաղաղապահների ընդհանուր անգործությունը հանգեցրեցին խաղաղ բնակչության զանգվածային սպանդի, որն էլ հետագայում հայտնի դարձավ իբրև Սրեբրենիցայի ցեղասպանություն: Սա չպետք է տեղի ունենա Արցախում, հատկապես երբ կան դա կանխելու հայտնի միջոցներ։ Ադրբեջանական ուժերի գործողությունները եվրոպական մայրցամաքում էթնիկ զտումների, ցեղասպանության փորձ են, և դրանց պետք է վերաբերվել հենց այդպես՝ առանց ներողամտության: Միջազգային հանրության կողմից արագ և միասնական արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի կառավարությունը միայն կհամոզվի, որ կարող է շարունակել գործել բացարձակ անպատժելիության պայմաններում և իրենց գործողությունների համար առանց որևէ հետեւանքի»,- ասված է հայտարարությունում:
Նրանք նշել են, որ Արցախում անհապաղ պետք է կազմակերպվի միջազգային մարդասիրական ավիափոխադրում` սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ հասցնելով տեղի բնակչությանը և տարհանելով նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում:
«Բոլոր անհրաժեշտ միջոցներով պետք է վերջ տալ Արցախի անօրինական շրջափակմանը: Պետք է վերականգնվի Արցախի կապը Հայաստանի և մնացած աշխարհի հետ: Հայերն այս հողում ապրել են հազարավոր տարիներ և չպետք է ենթարկվեն էթնիկ զտման։ Միևնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը փակ է, մարդասիրական ավիափոխադրումները պետք է օգնեն տեղի բնակչությանը գոյատևել: Ստեփանակերտում արդեն կա գործող օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Սա որևէ լրացուցիչ ջանք չի պահանջի միջազգային հանրությունից, բացի օդային միջանցքի ու դրա անվտանգության ապահովումը: Սա արդեն հաջողությամբ իրականացվել է նախկինում: 1948թ. ճգնաժամ սկսվեց Բեռլինում, որը բաժանվել և վերահսկվում էր Դաշնակցային ուժերի և Խորհրդային զորքերի կողմից: Քանի որ Ստալինը փորձում էր մեկուսացնել քաղաքը և սովի մատնել՝ զրկելով այն սննդից, ջրից և էլեկտրաէներգիայից, միակ կապն օդային միջանցքներն էինք, որոնք օգտագործվում էին ԱՄՆ զորքերի կողմից՝ բեռներ հասցնելու համար մեկուսացված հատվածներ»,- նշել են նրանք:
Ընդգծվել է, որ Արցախը հնարավորություն է ողջ աշխարհի համար՝ կանխելու ժամանակակից ցեղասպանությունը, քանզի դա չանելու հետևանքները չափազանց սարսափելի կլինեն նույնիսկ դիտարկելու համար:
«2022թ. դեկտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունները շատ պարզ բացահայտեցին Ալիևի կառավարության իրական մտադրություններն արցախահայության նկատմամբ։ Փորձելով նրանց ուժով դուրս քշել իրենց հողից և ձախողելով, կամ ինչպես ինքն է ասել՝ «շան պես հետապնդելով Արցախի բնակչությանը»՝ նախագահ Ալիևն այժմ ավելի քան պատրաստ է նրանց ենթարկել ցրտահարության և սովի: Չի կարելի դա թույլ տալ, ոչ էլ կարելի է նրան տալ որևէ իրավունք ղեկավարելու արցախահայությանը, քանի որ նա արդեն դրսևորել է նրանց մասին մտահոգության բացահայտ բացակայություն: Հիտլերի օրինակը մի քանի նորագույնների հետ միասին պետք է սովորեցներ մեզ, որ բռնապետներին հնարավոր չէ հանդարտեցնել: Նրանք հասկանում են միայն հաշվետու լինելու լեզուն։ Որքան արագ լինի միջամտությունը, այնքան ավելի քիչ ուժ կպահանջվի նրանց ծրագրերը տապալելու համար: Ապարդյուն է բռնապետին աղերսելը կամ համբերատար սպասելը, որ նա կփոխի իր միտքը․ ընդհակառակը, դա կքաջալերի նրան երկարաձգելու նրանց տառապանքը, ում հետապնդում է: Նախագահ Ալիևին պետք է կանգնեցնել, և աշխարհի պատասխանատվությունն է անել դա րոպե առաջ»,- ասված է հայտարարության մեջ:
Թե ովքեր են ստորագրել հայտարարության տակ՝ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ auroraprize.com կայքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։