Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին։
Նա ասաց, որ տեղափոխությունից հետո ռուսական ողջ ակտիվները կփոխանցի գործընկերներին և ընտանեկան հիմնադրամին։ Վարդանյանը հայտարարեց նաև Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու ծրագրերի մասին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2022 թվականի նոյեմբերի 4-ի հրամանագրով Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար՝ այս պաշտոնում փոխարինելով Արտակ Բեգլարյանին։
Ռուսաստանում Վարդանյանը հայտնի էր որպես հաջողակ գործարար։ Նա Ռուսաստանի Դաշնությունում հիմնել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, ինչպես նաև եղել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի առաջին նախագահը։