Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն ասել է, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը պետք է որոշվի բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Էվանսը գրել է Թվիթերի իր էջում։
«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան, ես այլևս կարևոր շփումներ չունեմ Պետդեպարտամենտի և Սպիտակ տան հետ: Այդուհանդերձ, կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաներին, անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցային սեղան վերադարձնելու համար»,- գրել է նա։
Ջոն Էվանսը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան է նշանակվել 2004 թվականին, սակայն ընդամենը 2 տարի անց նախագահ Ջորջ Բուշի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ ըստ տարածված վարկածի այն բանի համար, որ հրապարակավ հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին։ Էվանսը 2016 թվականին հրապարակել է իր գիրքը Հայոց ցեղասպանության և այդ հարցում ԱՄՆ կառավարության քաղաքականության վերաբերյալ՝ «Պատանդ վերցված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» խորագրով: