Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփան Շահումյանի անվան օղակաձեւ պուրակում տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ եւ 13 օր շրջափակման մեջ լինելուն, Ստեփանակերտում երեխաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգային ծրագիր, որի մասնակիցները նաեւ հայկական քոչարի են պարել:
Մանուկներին ամանորյա տրամադրություն պարգեւելու համար նրանց են այցելել մուլտֆիլմերի հերոսներ, Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Նրանք շնորհավորել են ներկաներին՝ մաղթելով, որ 2023 թվականն արցախցիների համար լինի խաղաղության, բարեբերության, լիության, առատության ու արեւշատության տարի:
Ստեփանակերտի քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության բաժնի վարիչ Տաթեւիկ Բալայանի խոսքով՝ քաղաքապետարանի կողմից նախատեսվում է դեկտեմբերի 31-ի առավոտյան մայրաքաղաքի երեխաներին նվերներ բաժանել: