Ի՞նչ կարող են անել սփյուռքի հայերը և մեր օտարերկրացի բարեկամներն Արցախի համար այս իրավիճակում, Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ առաջարկելով տարբերակներ։
Բեգլարյանն առաջարկել է կազմակերպել բողոքի ակցիաներ, արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը, բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները, բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը, ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ, ինչպես նաև բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: