Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի Վերածննդի հրապարակից կոչ է հղել համայն հայությանը:
«Սիրելի՛ արցախցիներ, ամբողջ աշխարհի հայեր: Ես կանգնած եմ Ստեփանակերտի հրապարակում: Ուզում եմ բոլորիդ այսօր՝ ժամը 14:00-ին, այստեղ գալու կոչ անել: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ կանք: Մենք պետք է միանանք ու միասին ասենք, որ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունը և մեր ապագան: Մենք պետք է որոշում կայացնենք ու առաջ գնանք առաջ»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:
Ընդգծելով, որ Արցախի տարբեր շրջաններում այս ընթացքում հանդիպումներ են եղել՝ նա հավելեց. «Վստահ եմ, որ բոլորս հասկանում ենք, թե որքան լուրջ է իրավիճակը: Բայց միասին պետք է հաղթահարենք դժվարությունները»:
Նա նշել է, թե որն էր ավելի վաղ հանրահավաք անցկացնելու որոշումը փոխելու պատճառը. «Ես փոխեցի որոշումս, որովհետև հասկացա, որ մինչ այդ պետք էր աշխատանք կատարել, հանդիպումներ անցկացնել: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր դեմ են դրան: Ես գիտեմ, որ մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, որ մենք ուրիշ ճանապարհով գնանք: Բայց վստահ եմ, որ կարող ենք մնալ հայ, արժանապատիվ արցախցի ու պահպանենք մեր պետությունը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: