Արտաքին թշնամուց առավել վտանգավոր թշնամիները ներսում են: Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Իրական փորձությունը գալիս է հաղթանակից հետո, երբ անհրաժեշտ է խոհեմություն: Հաճախ հաղթանակից հետո գլուխ են բարձրացնում սուտը, կեղծիքը, անձնական շահը, անտարբերությունը դիմացինի և ազգի հանդեպ: Ներկան համարելով վերջնական վիճակ՝ բոլորը սկսում են երկրային գանձերը գերադասել երնային գանձերից: Այս մահացու շրջափուլը հաղթահարելը մեր ազգային ու հիմնական խնդիրը պետք է լինի: Եթե կարողացանք հաղթել վերոնշյալ թշնամիներին, որևէ արտաքին թշնամի չի հանդգնի պայքարել մեր դեմ»,-ասաց նա:
Նա նշեց, որ Արցախի ապագան այսօր հայի հերթական քննությունն է դարձել:
«Որպեսզի այդ քննությունը պատվաբեր գնահատական ստանա, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք: Ձեզանից յուրաքանչյուրը պետք է ազգի ոգու ու սրտի զարթուցիչը դառնա»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: