Մենք 3 ճանապարհ ունենք: Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Առաջինը՝ ուշ թե շուտ ենթարկվում ենք, կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին: Երկրորդ՝ այստեղից դուրս ենք գալիս: Երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը կայացրել եմ սեպտեմբերի 2-ին: Ես այստեղ եմ և պայքարում եմ: Ես այստեղից չեմ գնալու ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին:
Մենք պետք է նոր իրավիճակ ստեղծենք: Ես ձեզ խոսք եմ տալիս՝ իմ կապերը, իմ գիտելիքը, իմ ունեցվածքը, ես ամեն ինչ տալու եմ Արցախի անկախության, հաջողության ճանապարհի համար: Այլ կերպ չի կարող լինել»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք չէ հրաշքի սպասել:
«Հրաշք չկա: Մեզ շատ ծանր ճանապարհ է սպասվում, որն անցնելու ենք միասին: Ե՛վ քրտինք է լինելու, և՛ արյուն է թափվելու, և՛ շատ աշխատանք է պահանջվելու: Բայց եթե մենք մեր ուժը ու նպատակը զգանք, ես վստահ եմ, աշխարհը ևս զգալու է դա: Ոչ միայն աշխարհն է մեզ օգնելու, այլ մենք ենք աշխարհին օգնելու»,-ասաց նա:
Ռուբեն Վարդանյանը վերջում նշեց, որ չպետք է անտարբեր լինել:
«Մեզ անտարբերությունն է սպանում, ու անտարբերությունը ոչ միայն Արցախում, այլև հայկական աշխարհում: Մարդիկ վիրավորվել են իմ խոսքերից, բայց ես ճիշտ եմ ասել: 30 հազար էրեխեքի պատկերը ձեր աչքի առաջ է: Եթե Հայաստանում, աշխարհում դուք դուք ոչինչ չանեք, ձեր մեղքը ձեր վրա է մնալու»-հավելեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: