Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։ Այս մասին հայտնում է «Արցախրեսը»։
Աղբյուրը հայտնում է, որ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն ասել է, որ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։
«Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակելու է պայքարը»,- նշել է Առուշանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: