Ծանր վիճակում գտնվող 3 հիվանդներ Արցախից Կարմիր խաչ միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդների՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում, նրանց մինչ Հայաստան տեղափոխելը հսկում էին տեղի բժիշկները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: