Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակ Տիգրան Պետրոսյանին: Այս մասին հայտնում է Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ նրա, սակայն, դա բավարար չէ, քանի որ իրենց նպատակը հենց Վոլկովին հադիպելն է, ինչի մասին նա տեղեկացրել է խաղաղապահների ներկայացուցչին:
«Չենք հեռանալու օդանավակայանի տարածքից, մինչև Անդրեյ Վոլկովին չհանդիպենք»,- ուղիղ եթերում ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց պահանջները Վոլկովն իր հերթին պետք է փոխանցի իր վերադասին: Մինչև Պուտին պետք է հասնի մեր պահանջը, ասում են ակցիայի մասնակիցները:
«Մենք խաղաղ ցուցարարներ ենք, քաղաքակիրթ մարդիկ, ինչպե՞ս կարելի է մեր խոսքը չլսել: Նորմալ չհասկանա՝ աննորմալ ձևերով ենք ստիպելու»,- ասաց Պետրոսյանը՝ խնդրելով չմեղադրել իրենց դրա համար: «Կսպասենք այնքան մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները երեկ՝ դեկտեմբերի 27-ին, քայլերթով հասել են օդանավակայան: Նրանց ձեռքին եղել են «Պահանջում ենք նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարում», «Մենք ձեզ հավատացել էինք», «Պուտին, եղիր խոսքիդ տերը» գրություններ: Հավաքվածները պահանջում են ճանապարհները բացել, նաև՝ հանդիպում Վոլկովի հետ: Ավելի ուշ կանայք ու երեխաները վերադարձել են տուն, իսկ տղամարդկանց մեծ մասը գիշերել օդանավակայանի տարածքում: