Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, Փարիզի Տրոկադերո հրապարակում տեղի է ունեցել լուռ հանրահավաք՝ ի պաշտպանություն Ադրբեջանի կողմից դեռևս շրջափակման մեջ գտնվող Արցախի։ Միջոցառումը կազմակերպել է Ֆրանսիայի մշակութային ֆրանսահայերի միությունը (UCFAF), հայտնում է միության կայքը։
«Եկեք բոլորս միասին մեր աջակցությունը ցուցաբերենք արցախահայությանը։ Եկեք տեր կանգնենք ազատ կյանքի իրավունքին։ Ոչ մի բողոք, ոչ մի քաղաքական ելույթ։ Մենք երախտապարտ կլինենք ձեր ներկայության համար՝ ի պաշտպանություն արցախահայության։ Յուրաքանչյուր անձի ներկայությունն անհրաժեշտ է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: