Եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ու ԼՂ-ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։ Այս մասին կառավարության դեկտեմբերի 29-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ։
Վարչապետը հարցնում է՝ ինչպե՞ս է Ռուսաստանը գնահատում իրավիճակը Լաչինի միջանցքում և ինչպիսի՞ն է այն ապաշրջափակելու Մոսկվան, ի՞նչ ճանապարհային քարտեզ է մշակել միջանցքով երթևեկությունը վերականգնելու համար։ Իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի բնակիչները այս բոլոր հարցերի պատասխանների են սպասում Ռուսաստանից, ասաց Փաշինյանը։
«Բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և իրադրության զարգացումները հրատապ պատասխանի սպասող հարցեր են բարձրացնում Լեռնային ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի Հանրապետությունը, վարրչապետի խոսոքվ, ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։
«Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պիտի սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,- ընդգծեց վարչապետը։
Վարչապետ Փաշինյանը կրկնեց, որ Լաչինի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է. Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանը և Ռուսաստանը:
«Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, իսկ ՌԴ խաղաղապահի զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը: Միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող այն դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, սին են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից և սա նրա միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է»,- ասաց նա:
Փաշինյանի դիտարկմամբ՝ եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ երթևեկությունն ապահովելը Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։
Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն ու ՌԴ-ն, որը անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ, նշեց վարչապետը։