Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախարարներ է նշանակել: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Արցախի նախագահը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշումը Սուրեն Գալստյանին Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն Սուրեն Գալստյանը նշանակվել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ Արցախի գյուղատնտեսության նախարար:
Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախում պաշտոնից 9 նախարար էր ազատվել: Պաշտոնանկությունները կապված էին Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելու հետ: Ավելի ուշ Վարդանյանը մեկնաբանել էր պաշտոնանկությունները՝ հայտարարելով, որ Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը և Արցախի ժողովուրդը։