Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը: ԱՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին:
Ներկայացնելով գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանին, որը մինչ այս Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենն էր, պետնախարարը ընդգծել է շրջափակման պայմաններում հիմնադրամի և նրա ղեկավարի շուրջօրյա ծանրաբեռնված աշխատանքը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Տիգրան Առստամյանին՝ այս բարդ փուլում պատասխանատվություն ստանձնելու և ոլորտը ղեկավարելու համար:
«Ոլորտային բարեփոխումները շարունակվելու են, և Գյուղատնտեսության նախարարությունն ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պետք է սերտ աշխատանք իրականացնեն, որպեսզի ապահովենք զարգացումը: Հիմնադրամը դարձնելու ենք ոլորտի շարժիչ ուժը, որովհետև գյուղատնտեսությունը մեր երկրի ռազմավարական ուղղություններից մեկն է»,-ասել է պետնախարարը:
Ներկայացնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Սուրեն Գալստյանին՝ Ռուբեն Վարդանյանը հատուկ ընդգծել է նախարարության դերը, որի համակարգման ներքո են գտնվում մի շարք կարևոր ուղղություններ:
Պետնախարարը նկատել է, որ շրջափակումը թեև փոխել է նոր կառավարության ձևավորման ու նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, բայց սահմանված նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նախարարներ էր նշանակել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։