Աշխարհը պետք է անհապաղ գործի` կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը, ասվում է Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտի Twitter-յան հայտարարության մեջ:
«Լեմկինի ինստիտուտը մտահոգված է, որ Արցախում էլեկտրաէներգիան կարող է անջատվել։ Այս հնարավորությունն ակնհայտ է դարձնում արցախահայության խոցելիությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմի նկատմամբ»,- ընդգծել են նրանք։
Լեմկինի ինստիտուտը 2021 թվականի հայտարարության մեջ կոչ էր արել ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կքննարկի Արցախին առնչվող խնդիրները՝ արդար արդյունքի և կայուն խաղաղության հաստատման նպատակով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: