Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը շարունակում է մտահոգել Միացյալ Նահանգներին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի գործողությունները, որոնք Արցախում հանգեցրել են ծանր հումանիտար հետևանքների։
«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ։ Սա խոչընդոտում է խաղաղության գործընթացը և խաթարում է միջազգային վստահությունը»,- նշել է պետդեպի խոսնակը։
Անդրադառնալով իրադրության հանգուցալուծման տարբերակներին՝ Փրայսն ասել է. «Մենք կոչ ենք անում լիարժեքորեն վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Ցանկացած հարցում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: