Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր մանրամասներ է հայտնել Արցախից ՀՀ տեղափոխված արցախցիների առողջական վիճակի մասին: Նա հայտնել է, որ այս պահին ՀՀ-ում գտնվող արցախցիների առողջական վիճակը բավարար է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Հարցին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ահազանգ փոխանցելու հարցում ՀՀ ԱՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել, նա պատասխանել է․ «Ինչպես հայտնի է, մենք դիմել ենք ԱՀԿ-ին, ամենօրյա կապի մեջ ենք և հաղորդում ենք օպերատիվ իրավիճակը: Գործարկում ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի միջազգային կառույցներն իրենց մանդատի շրջանակներում անեն հնարավորը թե՛ առողջական, թե՛ հումանիտար ճգնաժամը լուծելու համար: Ե՛վ ԱՀԿ-ի, և՛ Կարմիր խաչի հետ ամենօրյա գործակցության մեջ ենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ստեղծված աշխատանքային խմբի միջոցով փորձում են լուծել նաև դեղորայքի, սննդի հետ կապված հարցերը:
Ավանեսյանը միևնույն ժամանակ հայտնել է, որ Արցախում այս պահին ևս կան ծանր բուժառուներ, որոնք ստանում են բուժօգնություն. «Ըստ անհրաժեշտության՝ կազմակերպում ենք տեղափոխումներ»:
Անդրադառնալով գրիպի տարածմանը ՀՀ-ում, նա հայտնել է, որ այս առումով աճ չի գրանցվել․ «Նույն ինտենսիվությունը պահպանվում է»,- ընդգծել է Ավանեսյանը՝ հավելելով, որ դպրոցի մուտքերի մոտ զննություն կիրականացվի, որպեսզի վստահ լինեն, որ երեխաները հիվանդ չեն:
Մանրամասները՝ տեսանյութում: