Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Նա այս մասին հայտարարել է՝ արձագանքելով հարցին, թե արդյոք դիմե՞լ են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին: Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։