Ստեփանակերտում վաճառքի համար ապրանքներ չկան, և հայերը շաբաթներ շարունակ առանց նոր մատակարարումների են մնում։ Այս մասին նշվում է BBC-ի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հոդվածում։
«Խանութները դատարկ են, և ամբողջ քաղաքում դուք չեք կարող գտնել ո՛չ միրգ, ո՛չ բանջարեղեն. նույնը հիմնական դեղամիջոցների հետ կապված»,-պարբերականի հետ զրույցում ասել է Մարութ Վանյանը։
Նրա ծննդավայր Ստեփանակերտ և շրջակա գյուղեր բոլոր մատակարարումները դադարեցվել են, քանի որ նրա միակ ճանապարհը փակվել է արդեն շուրջ 26 օր։
«Ես ապրում եմ քաղաքը մատակարարող հիմնական շուկայի կողքին, և այն արդեն որոշ ժամանակ փակ է. այնտեղ նստած են ընդամենը երկու տիկնայք և չորացրած ուրց են վաճառում», – հեռախոսով ասել է լրագրող Վանյանը BBC-ին:
«Մոտ չորս շաբաթ ճանապարհը փակել են ադրբեջանցի «ցուցարարները», որոնք վրաններ են տեղադրել Շուշի քաղաքից դուրս։ Ցուցարարները, որոնք իրենց բնապահպան ակտիվիստներ են անվանում, պահանջում են մուտք գործել Ղարաբաղում օգտակար հանածոների արդյունահանման վայրեր։
Ադրբեջանական հեռուստաալիքներն իրենց լրատվական թողարկումները վարում են իրադարձությունների վայրից ուղիղ ռեպորտաժներով։ Կազմակերպված ցուցարարները վանկարկում և պաստառներ են պարզում՝ «Փրկիր բնությունը» կարգախոսներով:
«Հայաստանը կարծում է, որ բնապահպանական բողոքի ցույցերը պարզապես քողարկում են Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի վրա ճնշում գործադրելու և նրանց ստիպելու ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը տարածաշրջանի նկատմամբ կամ հեռանալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ միջազգային հանրությունը փաստահավաք առաքելություն ուղարկի տարածաշրջան: Մինչդեռ Ղարաբաղում Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կոչ են արել օդային կամուրջ ստեղծել, որպեսզի օգնեն բնակչությանը հասցնել անհրաժեշտ սննդամթերք և դեղորայք:
Մարութ Վանյանը նկարագրում է այս շաբաթ Ստեփանակերտի տեղական հիվանդանոց այցելությունը, որտեղ նա հայտնաբերեց մի երիտասարդ մոր, որը կոտրում էր մեծահասակների հաբերը, որպեսզի դրանք տա իր հիվանդ երեխային, քանի որ հիվանդանոցն այլևս երեխաների համար դեղեր չուներ:
Նա բողոքել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը վերջին զրկանքն է, որից տուժել են էթնիկ հայերը պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո»,-ներկայացնում է կայքը։
«Վերջին երկու տարիների ընթացքում մենք անընդհատ խնդիրներ ենք ունեցել էլեկտրականության, ջրի և գազի հետ կապված։ Երբ ջուր ունենք, գազ չկա, միշտ ինչ-որ բան պակասում է։ Բայց դա երկրորդական է այն դժվարությունների համեմատ, որոնց մենք այժմ բախվում ենք պարենի և դեղորայքի պակասի պատճառով»,ասել է արցախցին։
Նրա խոսքով՝ շրջափակումը հսկայական հոգեբանական ճնշում է գործադրել բնակիչների վրա պատերազմից հետո, որի արդյունքում յուրաքանչյուր ընտանիք մնացել է առանց որդու, ամուսնու կամ եղբոր։
«Զենքերը հիմա լռում են, բայց պատերազմը շարունակվում է»,-նշել է Վանյանը BBC-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: