Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է քաղաքացիներին՝ հաշվի առնելով բացահայտված մի քանի դեպքեր:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը համացանցային տիրույթի մշտադիտարկմամբ և այլ միջոցառումներով բացահայտել է Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքների վերաբերյալ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տեղեկությունների հավաքագրման փորձեր կատարելու բազմակի դեպքեր: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:
Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ։
ԱՀ ԱԱԾ-ն խնդրում և հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց: Նման նպատակներ հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու կամ գրառումների հանդիպելու դեպքում խնդրում են դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: