Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերահաստատում է իր կոչը՝ ապահովելու Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ներկա իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունները հայտնել է 2022 թվականի դեկտեմբերի 14-ի իր հայտարարության մեջ։ Այս մտահոգությունները Քարտուղարության կողմից բարձրաձայնվել են նաև 2022 թվականի դեկտեմբերի 20-ին Հայաստանի հայցով հրավիրված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ընթացքում։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր կոչերը՝ դեէսկալացիայի ենթարկել լարվածությունը և ապահովել միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների, նա իր աջակցությունն է հայտնում միջնորդական ջանքերին»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշել է Դյուժարիկը:
«ՄԱԿ-ի ներկայացուցչությունները Հայաստանում և Ադրբեջանում շարունակում են տեղում բաց պահել կապն իշխանությունների և միջազգային կազմակերպությունների հետ ու պատրաստ են արձագանքել, եթե լինի դիմում և թույլ տան պայմանները»,- հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: