2023թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ Արցախի այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը։
Փաստաթղթում գրված է, որ Ստեփանակերտ քաղաքի տարհանումը կսկսվի 2023 թվականի փետրվարի 1-ից և, իբր, հեռուստատեսության աշխատակիցները պետք է նախապատրաստվեն տարհանմանը։
«Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետևանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: