Ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը ոչ այլ ինչ է, քան պատերազմական ակտ արցախահայության դեմ, Twitter-ում գրել է ֆրանսիացի լրագրող, Le Figaro-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
«Քանի որ ջերմաստիճանն իջել է մինչև -10°C, ադրբեջանցի կեղծ էկոլոգները մեկնել են Բաքու՝ տաքանալու։ Նրանց տեղը զբաղեցրել են զինվորները։ Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի փակումը ոչ այլ ինչ է, քան պատերազմական ակտ արցախահայության դեմ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: