Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն հունվարի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:30-ին, հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց Արցախին սատարելու հանրահավաքի մասին։
«Ադրբեջանի դաժան շրջափակումից տուժած 120 հազար արցախահայությունը հույսը դնում է մեր աջակցության վրա։ Այսպիսով, եկեք դա ցույց տանք հունվարի 10-ին՝ ժամը 18:30-ին՝ խորհրդարանի շենքի դիմաց։ Ավաղ, ազատ աշխարհի ղեկավարներն անտարբեր են հայերի կյանքի նկատմամբ, ոմանք կոկորդիլոսի արցունքներ են թափում, բայց չեն գործում։ Երեքշաբթի, հունվարի 10-ին, ժամը 18:30-ին։ Ես նաև ՈՉ կասեմ ադրբեջանական բռնապետությանը»,- գրել է Բուայեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: