Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հայտարարում է, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը, որը պետք է ընդունվեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ քննարկումից հետո: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ջոն Գալագերը շեշտել է, որ իրենք բարեխղճորեն աշխատել են բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չի եղել մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար:
«Ես չեմ կարող մեկնաբանություն տալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև փակ քննարկումների վերաբերյալ, սակայն կարող եմ նշել, որ Միացյալ Թագավորությունը մասնակցում էր այդ քննարկումներին, որոնց նպատակն էր հայտարարություն ընդունել ի պաշտպանություն Լաչինի միջանցքի վերաբացման: Ցանկանում եմ ընդգծել, որ Միացյալ Թագավորությունն այս հարցում իր գործողությունները չի համակարգել Ռուսաստանի, Ալբանիայի և ԱՄԷ-ի հետ, և կարող եմ հաստատել, որ Միացյալ Թագավորությունը չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ մամուլի համար հայտարարությունը:
Մենք չափազանց անհանգստացած ենք ճանապարհի փակման հումանիտար հետևանքներից և բազմիցս կոչ ենք արել այն վերաբացել։ Մենք բարեխղճորեն աշխատեցինք բանակցությունների մի քանի փուլերի ընթացքում՝ համաձայնեցված տեքստ մշակելու նպատակով, սակայն, ցավոք, հնարավոր չեղավ մշակել այնպիսի հայտարարություն, որն ընդունելի կլիներ Անվտանգության խորհրդի բոլոր անդամների համար»,-հայտարարել է դեսպանը։
Անդրադառնալով շրջանառվող տարբեր լուրերին, թե Լեռնային Ղարաբաղի հանքերի շահագործման իրավունքն Ադրբեջանը վաճառել է Միացյալ Թագավորությանը, նա նշել է, որ «Anglo Asian Mining» ընկերության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև կնքված համաձայնագիրը մասնավոր կոմերցիոն գործարք է։
«Թեև «Anglo Asian Mining»-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, Միացյալ Թագավորության կառավարությունը բաժնեմաս չունի ընկերությունում և ներկայացված չէ նրա կառավարման խորհրդի կազմում»,-նշել է դեսպանը։
Գալագերն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ է արտահայտվել, որ Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում:
«Մենք շարունակում ենք կոչ անել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կառավարություններին բարեխղճորեն կատարել հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Սա համահունչ է մեր աջակցությանը միջազգային ջանքերին` նպաստելու հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը: ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն այս դիրքորոշումը վերահաստատել է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած զրույցներում, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումներում և Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումներում: Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնք ձգտում են տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովել»,-հայտարարել է Գալագերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: