Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունները բավականին սրվել են, Armenia Today-ին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը։ Նրա խոսքով, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համաժամանակյա հայտարարությունները մեծ մամուլի ասուլիսների ժամանակ հագեցած էին փոխադարձ պահանջներով: Փորձագետը դա անվանել է լուրջ շրջադարձ դեպի էսկալացիա։
Դրա հետ մեկտեղ, նրա կարծիքով, ռազմական էսկալացիայի մեջ այսօր ոչ ոք շահագրգռված չէ, քանի որ հետևանքները ցավոտ կլինեն երկու կողմերի համար, այդ թվում և իմիջային առումով։
Նրա կարծիքով՝ ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը Ադրբեջանի համար հղի է շատ լուրջ հետևանքներով, քանի որ դա պատերազմ կլինի մինչև Լեռնային Ղարաբաղի վերջին քաղաքացիական բնակչի համար։ Հաշվի առնելով Լաչինի փակ միջանցքը, քանի որ այլ մարդասիրական միջանցք չկա, դա շատ լուրջ խնդիր կդառնա։ Ուստի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ մեկտեղ, որպես գործոն և նպատակ, Ադրբեջանի համար մնում է օրակարգում նաև Լաչինի միջանցքի շուրջ պատմությունը, դրա փակումը ճնշման գործիք է, համոզված է փորձագետը։ Այսինքն՝ Ադրբեջանը հիմա փորձում է Հայաստանի վրա ճնշման այնպիսի ոչ ռազմական, բայց կոշտ գիծ և գործիքներ օգտագործել, որպեսզի վերջնարդյունքում նրանից հասնի դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի հարցի լուծմանը, ինչը երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքներով եռակողմ համաձայնագրերի կարևոր մասն է, եզրափակել է Պրիտչինը։
Պրիտչինը հավելել է, որ ընթացիկ իրողությունների տեսանկյունից դժվար է Հայաստանին անվանել Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրական երաշխավոր, քանի որ փաստացի միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում էր Ղարաբաղի հետ, և որով հնարավոր էր զորքերի տեղափոխում և դրանց մատակարարում, փակ է: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորն այսօր ռուս խաղաղապահներն են, պարզաբանել է փորձագետը։ Նա հավելել է, որ Փաշինյանի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ռուսական կողմին առավելագույնս խոցելուն։
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանը նպատակահարմար չի համարում ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանի տարածքում, ինչպես նաև, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը վտանգներ է ստեղծում երկրի անվտանգության համար, ռուս քաղաքագետը նշեց, որ դրանք Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա ճնշում գործադրելու փորձեր են՝ պասիվության և Լաչինի միջանցքի արգելափակման խնդիրը լուծելու պատրաստ չլինելու պատճառով:
«Դրանք պարզապես կուտակված դժգոհություններ են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ, որ նրանք չեն կարող ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Թեև եռակողմ զինադադարի շրջանակներում նույն պայմանավորվածության տեսանկյունից ռուս խաղաղապահները նման լիազորություն չունեն՝ մտնել որևէ կոնֆլիկտային հարցի մեջ, լուծել դրանք ուժային մեթոդներով։ Դա հակասում է ռուս խաղաղապահների կարգավիճակին և, համապատասխանաբար, այստեղ ռուս խաղաղապահների ձեռքերը կապված են», – պարզաբանել է Պրիտչինը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: