Արցախում դեղորայքի խնդիր կա, հիվանդություններ ունեցողները զրկված են ՀՀ-ում բուժօգնություն ստանալուց: «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» խորագիրը կրող տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը:
«Արցախում բոլոր բուժհիմնարկներում դադարեցվել են պլանային վիրահատությունները, որ կարողանանք մեր պահուստային դեղորայքն ուղղել սուր դեպքերին և երկար դիմակայել: Մինչև շրջափակումն ամսեկան 250 վիրահատություն էինք իրականացնում, այս ժամանակահատվածում իրականացրել ենք 92 վիրահատություն՝ բոլորը սուր ցուցումներով»,- ասաց նա:
Մհեր Մուսայելյանը շեշտեց, որ Արցախում տարբեր հիվանդություններ ունեցող երեխաներ կան:
«Այդ երեխաները պարբերաբար մեկնում էին ՀՀ և ստանում համապատասխան բուժօգնություն: 93 երեխա բրոնխիալ ասթմա ունի, 66 երեխա տառապում է պարբերական հիվանդություններով, 78 երեխա՝ էպիլեպսիայով, 16 երեխա շաքարային դիաբետ ունի, 847 երեխա՝ սրտի բնածին արատ: 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այս երեխաները զրկված են ՀՀ մեկնելու հնարավորությունից»,- ասաց նա՝ շեշտելով, որ Արցախում կան մարդիկ, ովքեր միայն ՀՀ-ում էին քիմիոթերապիաներ ստանում, և նրանց ևս այդ հնարավորությունից զրկվել են:
Նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք հրաժարվում են բուժման նպատակով տեղափոխվել ՀՀ այն պատճառով, որ հետ վերադառնալու խնդիր կլինի, նաև ՀՀ-ում մնալը ծախսատար է լինելու։ Մուսայելյանը նշեց, որ շրջափակումից առաջ ՀՀ եկած արցախցի ավելի քան 10 բժիշկ ևս չի կարողանում վերադառնալ Արցախ, ինչի հետևանքով Արցախում նաև կադրային դեֆիցիտ կա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Մանրամասները՝ տեսանյութում: